Հայաստանի և Վրաստանի միջև առկա են փոխադարձ համագործակցության ծրագրեր: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, որ Հայաստանի' Եվրասիական միությանն անդամակցելը որևէ կերպ կարող է խանգարել հայ-վրացական համագործակցությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին նախարար Զախարյանը նշեց «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ գ ազային էլեկտրակայանի կառուցման համաձայնագրի կնքման ժամանակ:

 

«Դա է փաստում նաև Վրաստանի վարչապետի այցը և համոզմունք է հայտնվել, որ այդ միություններին անդամակցումն ավելի կնպաստի մեր հարաբերությունների խորացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զախարյանը:

 

Նրա խոսքով՝ այդ ամենը հաշվի առնելով էլ այսօր ստորագրվեց համաձայնագիր, որով լրացուցիչ էլեկտրաէներգիայի մատակարարման հզորություններ են կառուցվելու Հայաստանի Հանրապետությունում:

 

«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագրով կառուցվելու են ընդհանուր 540 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայաններ, որոնց արտադրած էլեկտրաէներգիան արտահանվելու է Վրաստան: