Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին չի խանգարում զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Կարիմը: Նա ընդգծեց, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքը պետք է որոշի իր ապագան՝ շեշտելով, որ ԵՏՄ-ին անդամակցել ուց հետո Հայաստանը և Եվրոպական Միությունն ունեն բավարար հնարավորություններ համագործակցությունը շարունակելու համար:

 

Կարիմը շեշտեց, որ եվրոպական տեսանկյունից շատ հստակ է, թե ԵՄ-ում ինչպիսի Հայաստան են ցանկանում տեսնել: «Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի Հայաստան, որը կկրի եվրոպական արժեքներ: Խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, խոսքի և մամուլի ազատության, դատական համակարգի անկախության մասին է: Եվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք սրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' վստահեցրեց նա:

 

Կարիմի համոզմամբ, վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանը և ԵՄ-ն կարողացել են ուրվագծել համագործակցության ուղիները: