Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհը։ «Համաձայնագրի կնքումը ձգձգվեց այն պատճառով, որ Ադրբեջանը որոշակի ճնշումներ էր գործադրում Ղազախստանի վրա, քանի որ լավ էր հասկանում, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալով, Հայաստանը նոր մակարդակի վրա կբարձրացնի հարաբերությունները Ռուսաստան ի ու ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ, որոնք Հայաստանի հետ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են, և վերը նշված երկրները Ադրբեջանին ստիպելու են ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով' Հայաստանը կարող է չկասկածել, որ որևէ վտանգի դեպքում Ռուսաստանն անվերապահորեն կատարելու է ՀԱՊԿ-ի շրջանակներում իր վրա վերցրած պարտականությունները։
Բանախոսը նշեց նաև, որ իր համար տարօրինակ կլիներ, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ռազմական համագործակցություն իրականացնելով' Հայաստանը կարող էր հանկարծ չդառնալ վերը նշված երկրների տնտեսական դաշնակիցը՝ արդեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ «Ցամաքային սահմանի բացակայությունը որևէ կերպ չի կարող խանգարել Հայաստանի ներդաշնակ համագործակցությանը ԵՏՄ երկրների հետ»,- պարզաբանեց Զատուլինը և հավելեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կնպաստի հայկական ապրանքանիշերի մուտքը հետխորհրդային երկրների շուկաներ, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը վերելք կապրի։
«Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ որքանով կազդեն ԵՏՄ-ի ապագայի վրա, Զատուլինը նշեց, որ միամտություն կլիներ ասել, թե պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն թողնի ԵՏՄ երկրների վրա, սակայն դրանք չեն կարող լուրջ խոչընդոտ դառնալ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման համար։ «Ավելին՝ Հայաստանը կարող է օգնել Ռուսաստանին որոշ ապրանքատեսակների ներմուծման գործում, որոնք պատժամիջոցների հետևանքով այլևս չեն ներկրվում եվրոպական երկրներից»,-ասաց բանախոսը և հավելեց, որ Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալը չի կարող խոչընդոտել Հայաստանի համագործակցությանը ԵՏՄ երկրների հետ։
«Եվրամիության ասոցացման պայմանգիրը գործնականում քաղաքական համաձայնագիր է։ Արդեն փաստ է, որ Եվրամիությունը 1,5 տարով հետաձգել է Ուկրաինայի հետ ազատ տնտեսական գոտու ներդրման գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը, մինչդեռ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց արեցին հենց ԵՄ ասոցացման պայմանագրի կնքումը 1,5 տարով հետաձգելու համար. այս ամենը որոշակի հետևություններ անելու հիմք է տալիս»,- նկատեց Զատուլինը և հավելեց, որ ԵՄ ասոցացման պայմանգրի կնքումը ձեռնտու է միայն տվյալ երկրների արևմտամետ որոշ գործիչներին և տնտեսական առումով այն հանգեցնում է բավական տխուր հետևանքների։
Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի կազմում են ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: Հայաստանը ԵՏՄ հիմնադիր կազմին միանալու համաձայնագիրը ստորագրեց հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակ: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: