Տարբեր միություններում գտնվելը չի խոչընդոտի Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը առևտրային և տնտեսական ոլորտներում: Այս մասին Երևանում անցկացվող հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստից հետո հայտարարեց Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով' Վրաստանն անելու է ամեն ինչ, որ Եվրամիության հետ համագործակցության ամրապնդումը համատեղի Հայաստանի հետ համագործակցությանը: « Մենք ունենք բավականին ժամանակ, որ քննարկենք բոլոր տեխնիկական հարցերը' կապված դրա հետ: Անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանն ու Վրաստանը մնան ակտիվ առևտրատնտեսական կապերի մեջ: Հայաստանը մեզ համար կարևորագույն առևտրային գործընկերներից է:
Այն մտնում է Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակի մեջ, և մենք անելու ենք ամեն ինչ, որ այս հարաբերությունները զարգացնան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեց Կվիրիկաշվիլին:
Նա նկատեց, որ պետությունները մի քանի տարի ժամանակ ունեն որպես անցումային շրջան, և փորձելու են պահպանել այն մաքսային դրույքաչափերը, որ գործել են մինչ այժմ: «Կանենք հնարավորինս, որ մնանք այն մաքսային դրույքաչափերին, որոնք կան մեր երկրների միջև: Մենք ունենք հնարավորություն' քննարկումներ սկսելու առևտրի նոր փոփոխությունները քննարկելու համար»,- հայտնեց նա:
Հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների միջև 2012 թվականի հունվարի 17-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է 2014 թվականի մարտի 21-ին Թբիլիսում, որի շրջանակներում քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր: