Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նախանշեց նոր գործընթացների սկիզբը։ «Դեռ պարզ չէ, թե ԵՏՄ անդամակցությունն ինչ առավելություններ կտա Հայաստանին։ Դա ավելի հստակ կերևա այն ժամանակ, երբ Եվրասիական տնտեսական միության անդամների միջև տեղի ունեցող պրոցեսները 2015թ. հունվարի 1-ից զարգացումների նոր փուլ կմտնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելեց, որ հնարավոր է համարում' ԵՏՄ անդամների միջև հետագայում որոշակի անհամաձայնությունների հավանականությունը։

 

Քաղաքագետը նշեց, որ բացառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մաքսային կետի առկայությունը։ «Պատկերացնել այն, որ Հայաստանի արտադրանքը չթույլատրվի ներմուծել Արցախ կամ հակառակը, ուղղակի ցնորք է»,- ասաց բանախոսը և հավելեց, որ Մոսկվայի խանութներում կարելի է հադիպել Արցախում արտադրված ապրանքներ և դժվար թե հետագայում որևէ խոչընդոտ լինի դրանց ներմուծման համար։

 

2014թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթղթերը: Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ ԵՏՄ անդամները իրենց խորհրդարաններում մինչեւ տարեվերջ կվավերացնեն պայմանագիրը, որպեսզի Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից դառնա կառույցի լիիրավ անդամ: