Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը համարում է շրջադարձային երկրի զարգացման համար: Այս մասին կուսակցության 39-րդ համագումարի ժամանակ հայտնեց ՀԿԿ կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը: «Արտաքին քաղաքականության վեկտորի անխուսափելի հստակեցումը դարձավ հանրապետության անվտանգության ապահովման և հետագայում Ուուսաստանի կողմից նախաձեռնված ինտեգրացիոն միության կազմում դինամիկ զարգացում ապրելու երաշխիք»,- ասաց Տաճատ Սարգսյանը' շեշտելով, որ դառնալով ԵՏՄ անդամ, Հայաստանը լուծում է իր առջև ծառացած շատ խնդիրներ:
Տաճատ Սարգսյանը կուսակցության անունից կոչ արեց ՀՀ իշխանություններին ավելի համարձակ և հետևողական լինել, առանց ուշադրություն դարձնելու Արևմուտքի արձագանքին, շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը: «Կոմկուսը հետագայում ևս հակահարված է տալու հակառուսական հիստերիայի բոլոր դրսևորումներին, քանի որ դրա տարածումը չափազանց վստանգավոր և աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' շեշտեց Տաճատ Սարգսյանը:
Նա նաև ընդգծեց, որ ժողովրդի մեծամասնությունը ելքը տեսնում է սոցիալիստական կարգերի վերահաստատման մեջ:
Նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընթանում է Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: