Ադրբեջանում առաջիկայում բնակչության մեջ սեռական անհավասարակաշռություն է սպառնում: Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի բնակչության եւ սոցիալական զարգացման բաժնի առաջատար գիտաշխատող Զաքիր Էմինովը: Նա ասել է, որ վիճակագրության համաձայն' վերջին տարիներին Ադրբեջանում տղա երեխաները 6-7 հազարով ավելի են ծնվում, քան աղջիկները:
Նրա խոսքով' վերջին 6-7 տարիներին նորածին տղա երեխաների թվաքանակի գերազանցում է նկատվում: «Դա նշանակում է, որ խախտվում է բնակչության սեռական կազմը: Գուցե այժմ դա ոչ մի կերպ դեռեւս չի արտահայտվում, սակայն, երբ այդ երեխաները հասնեն ամուսնական տարիքի, այդ խնդիրն իրեն ավելի ցայտուն զգացնել կտա», -ասել է նա: Ադրբեջանցի գիտնականն իշխանություններին խորհուրդ է տվել միջոցներ ձեռնարկել բնակչության կառուցվածքում սեռական դիսբալանսը կանխելու համար:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունն անցյալ տարի որոշում էր ընդունել մինչեւ հղիության 5-6 ամիսը ծնողներին չհայտնել ապագա երեխայի սեռը, սակայն, ինչպես երեւում է' ադրբեջանցիները շարունակում են գերադասել տղա, քան աղջիկ երեխա ունենալ: