Գյումրիի նախկին քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ գործով նախաքննությունը վաղուց պետք է ավարտված լիներ, այնպիսի դեպք չէ, որ այսպես երկարատև քննություն կատարվեր:

 

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով՝ տեսանյութը կա, ըստ այդմ՝ հայտնի են նաև դեպքին ներկա գտնված անձինք՝ վկաները:

 

Պաշտպանն ընդգծեց, որ սա այն գործն է, որտեղ և՛ պաշտպանական, և՛ մեղադրող կողմերն ըստ էության անելիք չունեն:

 

Հ.Ալումյանը հաստատեց, որ տեսանյութն ու մեղսագրվող արարքի նկարագրությունը չեն համապատասխանում իրար, սակայն այս պահին պաշտպանական կողմը համբերատար սպասում է, թե երբ է գործն ուղարկվելու դատարան: Այդ ժամանակ կողմը կներկայացնի իր փաստարկներն ու ապացույցները:

 

Միաժամանակ նա չբացառեց, որ գործով նախաքննության ընթացքում քննչական մարմնի կողմից հավաքված նյութերին ծանոթանալուց հետո գուցե իրենք անցնեն ավելի ակտիվ պաշտպանական գործողությունների:

 

Ոստիկանությունը, հիմնվելով հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների վրա, հայտնել էր, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:

 

03.02.2014 թ. ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: