Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողոի հայաստանյան պատվիրակության անդամները բարձր են գնահատում հայկական պատվիրակության աշխատանքը: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատվիրակությանը հանդես է եկել որպես մեկ միասնական թիմ՝ նշելով, որ դա պետք է օրինակ լինի մնացած բոլոր պատվիրակությունների համար:

 

«Մենք իսկապես արդյունավետ աշխատեցինք այս վեհաժողովի ընթացքում, մեզ հետաքրքող բազմաթիվ հարցեր բարձրացրեցինք, ինչպես նաև միասնական ջանքերով հակադարձեցինք ադրբեջանական կողմի հակահայկական ձևակերպումներին»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ եվրոպական կողմի համար էլ պարզ է դարձել ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը:

 

Մինասյանը նշեց, որ եվրոպացիների մոտ որոշակի անորոշություն կա Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո, սակայն դա չի նշանակում, որ եվրոպացիները բացասական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ: Մինասյանի խոսքով՝ ուղղակի անորոշություն կա Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակության հետ կապված: «Մենք ուղղակի պետք է ջանքեր գործադրենք Եվրոպական Միության հետ համագործակցությունը խորացնելու համատեղ օրակարգ ձևավորելու համար»,- եզրափակեց Մինասյանը:

 

Պատվիրակության անդամներից Վահե Էնֆիաջյանը նույնպես դրական է գնահատում հայկական պատվիրակության աշխատանքը: «Մինչ Բրյուսել գնալը, մենք մի քանի անգամ հավաքվել ենք պատվիրակության ղեկավարի մոտ և քննարկել մեր անելիքը, ինչի արդյունքում մեզ հաջողվեց համախմբած հանդես գալ և բարձրաձայնել մեզ հուզող խնդրիները»,- ասաց նա:

 

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության գործունեությանը՝ Էնֆիաջյանը նշեց, որ նրանք վեհաժողովի ընթացքում ծիծաղի առարկա են դարձել: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները փորձել են ցուցահանդես կազմակերպել եվրոպացիների համար՝ ներկայացնելով իրենց երկրի մշակույթը և պատվիրակությունը: «Նրանք ինչ-որ նկարներ էին ցուցադրում, որոնցում պատկերված էին սարեր, ձիեր և ոչխարներ: Փաստորեն սա էր նրանց մշակութային ժառանգությունը»,- ասաց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ադրբեջանական պատվիրակության այս քայլը միայն եվրոպացիների ծիծաղն էր հարուցում:

 

Հայկական պատվիրակությունը փետրվարի 11-13-ը մասնակցել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: ՀՀ ԱԺ պատվիրակությունից նիստերին մասնակցել են հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության մշտական անդամներ Հովհաննես Սահակյանը, Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը, Վահե Էնֆիաջյանը:

 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011թ. մայիսին՝ որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափ: Դրա հիմնական նպատակն է ամրապնդել կապերը Եվրամիության արևելաեվրոպական հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև, որոնք ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում: