ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցնցված է Կիեւում բռնությունների սաստկացումից: Այդ մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

 

Կիեւում լայնածավալ փողոցային անկարգությունները վերսկսվել են փետրվարի 18-ին՝ Գերագույն ռադայի նիստի օրը, որտեղ ընդդիմությունը պահանջում էր վերադարձնել կառավարման խորհրդարանական-նախագահական ձեւը՝ վերականգնելով 2004 թվականի սահմանադրությունը: Միլիցիայի տվյալներով՝ ընդդիմադիրներն առաջին անգամ հրազեն են կիրառել: Ըստ վերջին տվյալների՝ տուժել են գրեթե 300 իրավապահներ, զոհվել է յոթ միլիցիոներ:

 

«Գլխավոր քարտուղարը ցնցված է եւ խորապես մտահոգված Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում բռնության սաստկացումից, որը հանգեցրել է նոր զոհերի ու վիրավորների: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին կրկնապատկել դրական միջոցների ձեռնարկմանն ուղղված ջանքերը, ներառյալ բողոքի ակցիաների հետեւանքով ձերբակալվածների համաներումը եւ ցուցարարների կողմից կառավարական շենքերի ազատումը»,- ասված է Նեսիրկիի հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 18-ի երեկոյան:

 

Նեսիրկիի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում «անհապաղ վերսկսել արագ արդյունքների տանող երկխոսությունը»: «Հետագա անկայնության եւ արյունահեղության կանխումը առաջնահերթ կարեւորություն ունի, եւ բոլոր կողմերը պետք է ձգտեն հնարավորինս արագ Ուկրաինան վերադարձնել բարգավաճման եւ ժողովրդավարության ուղի»,- նշվում է հայտարարության մեջ: