Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը մարտի 17-ին կայցելի Կիեւ՝ ներկայացնելու Ուկրաինայի վերաբերյալ գործողությունների նոր ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԽ-ի ապարատի աշխատակիցը, «Ուկրաինայի մայրաքաղաքում գլխավոր քարտուղարը կգտնվի երկօրյա այցի շրջանակներում»: «Այցի ընթացքում հանդիպումներ են պլանավորված վարչապետի, Գերագույն ռադայի նախագահի, ԱԳ նախարարի եւ կառավարության այլ պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ճշտել է նա:

 

Գլխավոր քարտուղարի այցելության հիմնական նպատակը մարտի 18-ին 2015-2017 թվականների համար նախատեսված Գործողությունների ծրագիրը ներկայացնելն է: Այս տարվա հունվարի վերջին ծրագրին հավանություն էր տվել Եվրախորհրդի կանոնադրական մարմինը՝ արտաքին գործերի նախարարների կոմիտեն: Փաստաթուղթը նվիրված է Ուկրաինայի կողմից կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը:

 

Ինչպես գործակալությանը պարզաբանել է Եվրախորհրդի ապարատի մեկ այլ աշխատակից, «սա նոր նախագիծ է, նոր տեսքով»: Նրա խոսքով՝ նախագիծը հաշվի է առնում նոր իրողությունները:

 

Փաստաթուղթը բովանդակում է դրույթներ, որոնք նպատակամղված են մարդու իրավունքների, օրենքի եւ իրավունքի գերակայության բնագավառում բարեփոխումների իրականացմանը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելուն: Փաստաթղթում նշվում է սահմանադրական բարեփոխում անցկացնելու եւ ժողովրդավարական ինստիտուտների գործառման, դատական բարեփոխման, դեմոկրատական կառավարման, տնտեսական հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: