Ուկրաինան, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը, պետք է ավարտի բարեփոխումների իրականացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է նորվեգական NRK հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում:

 

«Ուկրաինացիները պետք է կատարեն լուրջ բարեփոխումներ, կազմակերպեն պայքարը կոռուպցիայի դեմ, ստեղծեն պետապարատ, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ դաշինքն ինքը մտադիր չէ «նախաձեռնություն հանդես բերել» այդ հարցում:

 

Բացի այդ, նա պարզաբանել է, որ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է լուծել տարածքային խնդիրները, ինչը ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտադիր պայման է: Դա վերաբերում է Ղրիմին եւ երկրի արեւելքին: Ստոլտենբերգի կարծիքով՝ Ուկրաինայում նախապատրաստական գործընթացը կտեւի առնվազն վեց տարի:

 

Ուկրաինայի Գերագույն ռադան դեկտեմբերի 23-ի նիստում ընդունել Է օրենք, որով նախատեսվում Է հրաժարվել արտադաշինքային կարգավիճակից եւ վերսկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը: Այս որոշումը պաշտպանել Է 303 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում:

 

Փաստաթղթի նպատակը Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմի ստեղծումն Է:

 

«Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, որն ամրագրված Էր «Ներքին ու արտաքին քաղաքականույթան հիմունքների մասին» Ուկրաինայի օրենքում, անարդյունավետ գտնվեց արտաքին ագգրեսիայից ու ճնշումից պետության անվտանգության ապահովման համատեքստում»,-նշվում Է օրենքին կից բացատրական գրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: