ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, մեկնաբանելով Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված ծրագիրը, հայտարարել է, որ դաշինքը ողջունում է հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված բոլոր ջանքերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

 

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ կարևորը նախևառաջ այն է, թե ինչ է տեղի ունենում անմիջականորեն Ուկրաինայի տարածքում, ասված է հաղորդագրության մեջ:

 

Մինչդեռ, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսը», «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն քննադատել է «Պուտինի պլանը»՝ նշելով, որ այն Ուկրաինան Մերձդնեստրի նմանօրինակին վերածելու փորձ է:

 

«Պուտինի պլանն Ուկրաինան Մերձդնեստրի վերածելն է»,- սեպտեմբերի 4-ին գրել է նա իր Թվիթերում:

 

Վլադիմիր Պուտինը նախօրյակին Ուլան բատորում հայտնել էր, որ ինքն ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագիրը: Պետության ղեկավարը լրագրողներին պատմել է, որ այդ նախաձեռնությունը բաղկացած է յոթ կետից: «Ուկրաինայի հարավ-արևելքում արյունահեղությունը դադարեցնելու և իրադրությունը կայունացնելու նպատակով կարծում եմ, որ հակամարտող կողմերը պետք է համաձայնեցնեն և կոորդինացված իրականացնեն հետևյալ գործողությունները»,- նշել է Պուտինը: Առաջնահերթ միջոցառումների թվում նա մատնանշել է «Ուկրաինայի հարավ-արևելքում Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով աշխարհազորայինների զինված կազմավորումների ակտիվ հարձակողական գործողությունների դադարեցումը»:

 

Նախաձեռնություններից ևս մեկով «նախատեսվում է լիարժեք և անկողմնակալ միջազգային հսկողություն իրականացնել հրադադարի պայմանների կատարման նկատմամբ»:

 

Պուտինը նաև կարծիք է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղ բնակչության դեմ օդուժի կիրառումը բացառելու անհրաժեշտության մասին և կոչ էարել Կիևին՝ մարդասիրական միջանցքներ բացել տեխնիկայի շարժվելու և Ուկրաինայի արևելք հումանիտար բեռներ փոխադրելու համար:

 

Ծրագրի կետերի թվում Պուտինը նշել է տուժած տարածաշրջաններ նորոգման բրիգադներ ուղարկելու հնարավորությունը, որոնք կզբաղվեն Ուկրաինայի արևելքում ավերված սոցիալական ու կենսապահովման ենթակառուցվածքի վերականգնմամբ: