Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է Մարշալ Բաղրամյանի զարմուհուն' 45-ամյա Գայանե Ամրախովային' Կրեմլում ակցիա իրականացնելու համար: Մարշալ Բաղրամյանի զարմուհին Կարմիր հրապարակում ձեռնաշղթաներով իրեն գամել է Բաղրամյանի գերեզմանին, որը գտնվում է Կարմիր հրապարակում:

 

Նման հուսահատ քայլի Գայանեն գնացել է իր բնակարանի առգրավման պատճառով: Այդ մասին LifeNews-ին տեղեկացրել է Գայանեի ներկայացուցիչ Մարինա Զլոտնիկովան: «Նրանից բնակարանը խլում են կեղծ փաստաթղթերի միջոցով: Գայանեն երկրորդ խմբի հաշմանդամ է, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ: Նա փորձում է պատպանել իր բնակարանը, դիմում է դատարաններ, սակայն նրան ոչ ոք չի լսում»,-  նշել է Զլոտնիկովան: Հերթական դատական լսումները դատարանը նշանակել է փետրվարի 24-ին, սակայն, որպեսզի հասարակության ուշադրությունը գրավի, կինը ստիպված է եղել իրեն ձեռնաշղթաներով գամել գերեզմանի ցանկապատերից: Խորհրդային միության կրկնակի հերոս Մարշալ Իվան Բաղրամյանը որպես հրամանատար մասնակցել է քաղաքացիական պատերազմին և Հայաստանում ու Վրաստանում հաստատել Խորհրդային իշխանություն:

 

Հայրենական Մեծ պատերազմում, այդ ժամանակ արդեն որպես գնդապետ, Բաղրամյանը նշանակվել է հարավ-ամևմտյան ճակատի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ: 1941 թվականին մասնակցել է Կիևի պաշտպանական օպերացիային: 1943-ին նա ղեկավարել է առաջին Մերձբալթյան ճակատի զորքերը: Նրա գլխավորությամբ իրականացվել են բազմաթիվ հաջող ռազմական օպերացիաներ:

 

Հետպատերազմական ժամանակաշրջանում Բաղրամյանը զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում 1955-1956 թվականներին եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ: