Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը այսօր իրենց հերթական փակ նիստն են անցկացնելու' հանրապետականի առաջարկած «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման աշխատանքներին մասնակցելու, վարչապետի պաշտոնանկության գործընթացի մեկնարկի և այլ հարցերի շուրջ: Հավանաբար այս հարցերի վերաբերյալ կլինի պաշտոնական հայտարարություն: Մեկնարկած քաղաքական գործընթացը դանդաղ, դեռևս թույլ տեմպերով, բայց սկսել է դառնալ Հայաստանում հակաիշխանական պայքարի առանցքը:
Այսպես կոչված «Չորսի ֆորմատը» վերջին շրջանում լրջորեն սկսել է անհանգստացնել իշխանական ուժերին: Իշխանությունների հայտարարությունները, որոնք մինչև վերջին պրոցեսները առավել մեղմ ձևակերպումներ ունեին, սկսել են ստանալ կոշտ և ռազմատենչ բնույթ: Հայաստանում հակաիշխանական գործողությունները սկսել են ստանալ քաղաքական բնույթ և դուրս են գալիս առավել անվնաս ակտիվիստական դիմակայության շրջանակներից: Այլ հարց է, որ հայտնի չորս ուժերը ունեն շահերի բախում' ՀԱԿ-ի թիրախը Սերժ Սարգսյանն է' իր ողջ թիմով, ԲՀԿ-ն խնայում է Սերժ Սարգսյանին' նետը ուղղելով վարչապետի ուղղությամբ, իսկ Դաշնակցությունը, որոշակի հարաբերություններ ունենալով իշխանությունների հետ, դեռևս խուսափում է ամբողջական իշխանափոխության մասին հստակ հայտարարությունից: «Ժառանգությունը», չնայած հետընտրական զգալի կորուստներին, թերևս ամբողջ համակարգի փոփոխության ջատագով է:
Այնուամենայնիվ, ոչ իշխանական ուժերի կողմից ձևավորվող քաղաքական ալյանսը բավականին հետաքրքիր է: Առաջին անգամ մեր քաղաքական դաշտում չորս խորհրդարանական ուժեր հարգանքով են մոտենում փոխադարձաբար միմյանց շահերին և համագործակցության բավականին գործուն մեխանիզմներ են ստեղծել: Քաղաքական դաշտի առողջացման համար սա հիանալի նախաձեռնություն է, անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքներ կարձանագրի: Անզեն աչքով նկատելի է, որ տեղի է ունենում դիրքորոշումների մերձացման գործընթաց, որը կարող է վերջնական քաղաքական արդյունքի վերածվել, ասենք, վարչապետի պաշտոնանկության գործընթացի մեկնարկից հետո:
Առ այսօր տարաբնույթ սկանդալային բացահայտումների, գազի և այլ կենսական ծառայությունների սակագների թանկացման, աղմկահարույց գազային պայմանագրերի և կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին ընդդիմադիր ուժերը գրեթե կենդանության նշաններ ցույց չեն տվել: Բանը հասել է այնտեղ, որ իշխանական տարբեր կառույցներ սկսել են ստանձնել հակաիշխանական քաղաքական գործառույթներ' հավանաբար սուրբ տեղը դատարկ չթողնելու հումանիտար առաքելությամբ...
Հիմա, երբ փորձ է արվում քննարկումները տեղափոխել քաղաքական դաշտ' ընդդիմադիր ուժերի ակտիվանալու փորձերը պետք է խրախուսել, ոչ թե պիտակավորել'անկախ այս կամ այն ուժերի ներկայացուցիչների տարաձայնություններից: Ի վերջո, «Չորսի ֆորմատի» գործողությունները մերժող ընդդիմադիր ուժերը թող ներկայացնեն խնդիրների լուծման իրենց մեխանիզմները: Շարքային մահկանացուների, այդ թվում և ինձ համար, մեծ հաշվով, կարևոր չէ, թե այդ պահին ով է բարձրացնում առաջամարտիկի դրոշակը' բոլորիս քաջ հայտնի քաղաքական ուժեր, թե մի կին' ատամնատեխնիկ:
Կարևոր է, որ կյանքը Հայաստանում վերջապես առաջ շարժվի մեռյալ կետից... Քաղաքական լուրջ հակակշռի ստեղծումը կարող է բերել երկրում էվոլյուցիոն փոփոխությունների' առանց ուկրաինական սցենարի կրկնության...
Առանց այն էլ մարտի մեկին մենք չափազանց բարձր գին ենք վճարել...
Վարուժան Բաբաջանյան