ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված մի շարք համաձայնագրերով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում, և ավելի իրատեսական արդյունքներ կարձանագրվեն: Երկկողմ հարաբերությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման տեսանկյունից ԱԺ փոխնախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, խորհրդարանականների փոխայցելություններն ու համատեղ փոխշահավետ քննարկումները:
Պետր Միկիսկան բարձր է գնահատել ՀՀ նախագահի պետական այցը Պրահա, նրա բարձրացրած հարցերի իրատեսականությունն ու հստակությունը՝ կապված և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության, և՛ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ, և հավաստիացրել, որ Չեխիան ընկալումով է մոտենում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշմանը:
Հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այսօր Արցախի վերածննդի օրն է: Նրա խոսքով՝ այս տարիներին ապացուցվել է, որ անկախ եւ ինքնորոշված Արցախն այլընտրանք չունի: Երկուստեք կարևորվել է ԼՂ հիմնախնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ տարբեր միջոցառումների կազմակերպումը ոչ միայն պատմական ճշմարտության վերհանման ու ճանաչման, այլև նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: