ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը և բարեկամական խմբի անդամները մարտի 10-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Հերմինե Նաղդալյանը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ու ժողովուրդների: Խոսելով հայ-չինական փոխգործակցության խորացման կարևորությունից՝ տիկին Նաղդալյանը կարևորել է միջխորհրդարանական և միջպետական կապերի առավել ընդլայնումը, բարեկամական խմբերի մակարդակով հանդիպումները:
Թիան Էրլունը ևս անդրադարձել է միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը, կարևորել խորհրդարանականների ակտիվ շփումները և փորձի փոխանակումը՝ այս համատեքստում բարձր գնահատելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ունեցած ներդրումը:
Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: Կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ բարեկամական խմբի անդամները նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, առևտրատնտեսական, կրթության, հումանիտար ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: