Ամերիկացի 80-ից ավելի նախկին նախարարներ, սենատորներ եւ կոնգրեսականներ Նախագահ Բարաք Օբամային նամակ են հղել, որում պահանջել են հստակեցնել վերջին զարգացումների հետ կապված Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Այս մասին հայտնում է թուրքական T24 ինետրնետային թերթը:
Փետրվարի 19-ին երկրի Նախագահին հղած նամակում ամերիկացի նախկին քաղաքական գործիչները նշել են, որ իր ղեկավարման ձեւով եւ քաղաքականությամբ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վնասել է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին:
Նամակի հեղինակները, ովքեր համարվում են Թուրքիայի գծով ճանաչված մասնագետներ, նախագահ Օբամայից պահանջել են խախտել արդեն 6 ամիս տեւող լռությունը եւ գնահատական տալ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության վարած քաղաքականությանը: Նրանց կարծիքով' ԱՄՆ-ի լռությունը խրախուսում է Էրդողանին' Թուրքիայում իրավունքի եւ ազատությունների գերակայությունը նվազեցնելու հարցում:
Ամերիակցի գործիչներն անհանգստություն են հայտնել անցյալ մայիսից հետո Ստամբուլի Գեզի զբոսայգու եւ դեկտեմբերի կեսերից սկսված հակակռուպցիոն հետաքննության դեմ Էրդողանի պատասխան գործողություններից: Նրանք նշել են, որ բողոքի խաղաղ մասնակիցների եւ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց մերձավորների մասնակցությամբ կոռուպցիան բացահայտած իրավապահների եւ արդարադատության աշխատակիցների դեմ Էրդողանի պատասխան գործողությունները սպառնում են Թուրքիայի առանց այն էլ փխրուն ժողովրդավարությանը եւ այն բռնապետության վերածելու վտանգ ստեղծում:
Նրանց խոսքով' Էրդողանն ու իր ղեկավարած ԱԶԿ ներկայացուցիչները, չարաշահելով իրենց դիրքերն ու լիազորությունները եւ վտանգի ենթարկելով օրենքի գերակայությունը, արգելում են հետաքննությունները, պաշտոնանկ անում հարյուրավոր դատախազների եւ բարձրաստիճան իրավապահների, լռեցնում ԶԼՄ-ներին:
Նամակի հեղինակները կարծիք են հայտնել, որ իր բռնատիրական գործողություններով եւ դեմագոգիայով Էրդողանն ու նրա շրջապատը վտանգի տակ են դնում թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Նամակի տակ ստորագրել են ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական պատգամավորներ: Նրանց մեջ են Օբամայի վարչակազմի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի քաղաքական ծրագրավորման տնօրեն Աննա Մարի Սլուգթերը, Center for America Progress-ում Թուրքիայի գծով մասնագետ Միշել Վերցը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի խորհրդական Էլջոթ Աբրամսը, Freedom House իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Դեւիդ Քրամերը, պահպանողական' Դեմոկրատների պահպանության հիմնադրամի տնօրեն Քլիֆորդ Մեյը եւ այլ քաղաքական, հասարակական հայտնի անուններ: