«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը կնպաստի, որպեսզի մեր երկրում ապահովվի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ եւ միատեսակ կիրառում: Երկամյա ծրագիրը, որի մեկնարկը տրվեց փետրվարի 21-ին, պետք է նպաստի նոր որակների ձեռքբերմանը, կներդվեն եվրոպական չափանիշներ եւ կպահպանվի «օրենքի առ աջ բոլորն են հավասար» սկզբունքը: Ծրագրի նպատակն է հզորացնել Վճռաբեկ դատարանի եւ նորաստեղծ արդարադատության ակադեմիայի կարողությունները, դատավորների, փաստաբանների համար կազմակերպել դասընթացներ, քննարկումներ, որոնք պետք է նպաստեն իրավական հարթակում կարողությունների առաջընթացին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ, երկամյա ծրագրի մեկնարկը նպատակասլաց աշխատանքի արդյունք է: «Եվրոպական կոնվենցիաները մեր ուղեկիցներն են, եւ ժամանակի ընթացքում դատական պրակտիկան պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին»,-ասաց նախարարը: Անցյալում են այն գնահատականները, թե ինչո՞ւ 47 երկրից բաղկացած Եվրոպայի Խորհուրդը պետք է որոշում կայացնի Հայաստանի փոխարեն: Նախարարն առաջարկում է այլ տարբերակ. կառույցի ներսում եւ կառույցի չափանիշները վերցնելով' Հայաստանն էլ որոշում է կայացնում մն ացած 46 պետությունների համար: Ծրագրից Հայաստանի ակնկալիքները հսկայական են, այն կբերի նոր որակներ եւ չափանիշներ: Թովմասյանը կարեւորեց սահմանադրաիրավական բարեփոխումների եւ ներպետական օրենսդրության շարունակական կատարելագործում: Նախարարությունում հույս ունեն, որ ծրագրի կիրառման միջոցով, կնվազեն ընդդեմ Հայաստանի հայցերը ՄԻԵԴ-ում եւ վիճելի խնդիրները կլուծվեն Հայաստանում:
Ծրագրի համակարգող Կամիլա Գանգլոֆի գնահատմամբ' նպատակը հավակնոտ է, սակայն խիստ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացրել է Դանիայի կառավարությունը: Դանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլե Ռասմուսենի խոսքով' սա երկրորդ ծրագիրն է, որ իրականացնում է Դանիան Հայաստանում: Ըստ Ռասմուսենի, սա լավ հարթակ է, որը հետագայում կնպաստի երկու երկրների համագործակցությանը նաեւ այլ ոլորտներում:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերին Հայաստանի ԵԽ նախագահության օրոք: Այն Հայաստանի եւ ԵԽ-ի 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի մասն է: