ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 21-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, վերհանվել են զորակոչի ընթացքում արձանագրված առողջական ոլորտին առնչվող խնդիրները, ուրվագծվել են դրանց լուծման հստակ ուղղություններ:

 

Ընդլայնված խորհրդակցությանը, որը վարել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների պատասխանատուներ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:

 

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին' ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անցկացված ձմեռային զորակոչն առանձնահատուկ էր իր բնույթով, քանի որ առաջին անգամ կիրառվեց վիճակահանության սկզբունքը, ինչն էապես նվազեցրեց հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: «Այս տարի նորամուծություն էր նաև հանձնաժողովում իրավապահ և վերահսկող մարմինների ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը տարբեր ոլորտներում թերություններն ավելի արագ հայտնաբերելու հնարավորություն ընձեռեց»,-նշել է Ս. Օհանյանը:

 

Առողջապահության նախարարն իր խոսքում հավելել է, որ առաջիկա զորակոչի ընթացքում զորակոչիկներն անվճար հիմունքներով կանցնեն նաև սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչն էապես կբարձրացնի բուժզննման արդյունավետությունը: Բացի դրանից' Կենտրոնական հավաքակայանում նախկինում իրականացվող կանխարգելիչ պատվաստումներն այսուհետ կիրականացվեն մինչ զորակոչը' քաղաքացիական բուժհաստատություններում:

 

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Մուրադյանը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները: Ներկայացվել են ձմեռային զորակոչի ընթացքում արձանագրված թերությունները և խնդիրները, բացթողումների շտկման ուղղությամբ արվել են մի շարք առաջարկություններ:

 

Շնորհակալություն հայտնելով ներկաներին խորհրդակցության ընթացքում դրսևորած ակտիվության, ինչպես նաև ձմեռային զորակոչը պատշաճ անցկացնելու համար, Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ձևավորվող աշխատանքային հանձնաժողովը կուսումնասիրի վերհանված առաջարկները և երկու գերատեսչությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի բարձրացված խնդիրները լուծելուն կոչված ամբողջական և ընդգրկուն առաջարկությունների փաթեթ:

 

Խորհրդակցությունը եզրափակվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմամբ: