Հայաստանում պանրի պակաս չի սպասվում: Պարզապես կաթի մթերման սեզոնային առանձնահատկություններով և պանրի արտադրության գործընթացի յուրահատկություններով պայմանավորված' շուկայում երբեմն նկատվում է պանրի սակավություն: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով պանրի պակասի մասին շրջանառվող լուրերը:

 

Նա հիշեցրեց, որ հունվար-փետրվարին ժողովրդի մեջ սկսում են տարածվել պանրի դեֆիցիտի մասին խոսակցություններ: «Պանրի դեֆիցիտ ընդհանրապես չի լինի: Ընդհակառակը, անցյալ տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանում մոտ 40 հազար տոննա ավելի կաթ արտադրվեց: Այս տարի էլ ակնկալում ենք, որ մոտ 35-40 հազար տոննա ավելի կաթ կարտադրվի 2013 թվականի համեմատ»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Նա պարզաբանեց, որ Հայաստանում կաթի արտադրությունն ունի խիստ սեզոնային բնույթ, ինչն էլ երբեմն հանգեցնում է շուկայում այդ մթերքի սակավության: Նրա խոսքով՝ դեկտեմբեր, հունվար, նոյեմբեր և փետրվար ամիսներին Հայաստանում կաթի արտադրության ծավալները խիստ նվազում են՝ հասնելով ամսական 20-25 հազար տոննայի: Մինչդեռ մայիս-հունիսին կաթի արտադրության ծավալը հասնում է ամսական 75-80 հազար տոննայի, այսինքն' մոտ 3.5-4 անգամ ավելին քան դեկտեմբեր-հունվարին:

 

«Բնականաբար, կախված կաթի արտադրության ծավալներից, վերամշակողները կաթի մթերման գները սահմանում են տարբեր. այսինքն' երբ կաթը շատ է, մթերման գինն իջեցնում են, երբ քիչ է՝ բարձր գին են սահմանում, քանի որ այն չի բավականացնում: Իսկ վերամշակողը գերադասում է պանիրն արտադրել ավելի էժան գնով ձեռք բերված կաթից»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շրջանառու միջոցները շրջանառելու համար թանկ գնով ձեռք բերած կաթից վերամշակողը ստանում է թթվասեր, մածուն, կաթնաշոռ, որոնք արագ սպառվում են: Մասնագետը հայտնեց, որ մայիս-հունիսին կաթի մթերման գինը նվազում է մինչև 160-150 դրամ, իսկ դեկտեմբեր-հունվարին մթերողները կաթը գնում են 180-200, անգամ' 240 դրամով:

 

Պանիր պատրաստելը երկարատև տեխնոլոգիական գործանթաց է, և այն իրացնելը տևում է շուրջ 2-3 ամիս: Մթերողները ապրիլ-հունիսին ձեռք բերած էժան կաթով սկսում են պանրի զանգվածային արտադրություն: «Որոշ պանիր արտադրողներ անգամ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին չեն էլ աշխատում, այդ պատճառով էլ պանրի որոշակի սակավություն է նկատվում»,-նշեց վարչության պետը:

 

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան խոսեց հանրապետությունում պանրի շուկայում իրավիճակի վրա ազդող մեկ այլ հանգամանքի մասին: «Հայաստանում վերջին երկու տարիներին պանրի արտահանումը խիստ աճել է: 2012 թվականին արտահանվել է 900 տոննայի չափ պանիր, իսկ անցյալ տարի արտահանվել է ավելի քան 1500 տոննա պանիր' մոտ 60 տոկոսով ավելի: Ըստ էության, վերջին տարիներին Հայաստանից պանրի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 4 անգամ, և 1500 տոննա պանիրը հանրապետությունում արտադրվող պանրի գրեթե 10 տոկոսն է, որը բավական զգալի ց ուցանիշ է, և դա չի կարող չանդրադառնալ տեղական շուկայում պանրի ապահովության մակարդակի վրա»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

 

2013 թվականին Հայաստանում արտադրվել է 17 հազար 375.4 տոննա պանիր, ինչը 1.6 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից: