Հայաստանը կատարել է Մաքսային միություն մուտք գործելու համար նախանշված միջոցառումների գրեթե կեսը:
Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Այսօրվա դրությամբ մենք չունենք չիրականացված միջոցառումներ, և մեր գնահատմամբ' այն աշխատանքը, որը պետք է արվի մինչ Մաքսային միություն մտնելը, արդեն կատարված է մոտ 50 տոկոսով»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով' ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզը» ներառում է 260 միջոցառում, որոնք մեծ մասամբ հստակեցված են Հայաստանի կառավարության կողմից:
«Այս ծրագրի հիման վրա մեզ մոտ գործում է 20 աշխատանքային խումբ, որոնք պատասխանատու են այս կամ այն ուղղությունների իրականացման համար: Ամեն օր նրանք հաշվետու են լինում կատարված աշխատանքի մասին»,- պարզաբանել է Սարգսյանը' հավելելով, որ գլխավոր հարցերից մեկը առնչվում է մաքսատուրքերին:
Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի' Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու աշխատանքային մեծ խմբի հանդիպումը: Խումբը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ:
«Մեզ մոտ եղել է այդ աշխատանքային խմբի ղեկավարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան, ով ժամանել էր փորձագետների խմբի հետ: Կար եզակի հնարավորություն անցնել ողջ «ճանապարհային քարտեզով»,- պատմել է Սարգսյանը' տեղեկացնելով, որ աշխատանքային խմբի ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին հաշվետվություն:
Աշխատանքային խմբի անդամները շփվել են հայ գործընկերների հետ' ըստ ուղությունների:
«Իրենք անցկացրել են «ճանապարհային քարտեզի» իրականացման գործընթացի մոնիթորինգ, ծանոթացել կատարված աշխատանքի հետ, հստակեցրել են մեր ստանձնած պարտավորությունների կատարման աստիճանը»,- ասել է գործակալության զրուցակիցը' ավելացնելով, որ իրեն հայտնել են դրական արդյունքների մասին:
Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին' Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Ուկրաինային կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս գալ ճգնաժամից: «Իհարկե, իրավիճակն Ուկրաինայում բացասաբար է ազդում այդ երկրի տնտեսական իրավիճակի վրա, այսօր տեղեկատվություն է եկել այն մասին, որ երկրի տնտեսական վարկանիշը նվազեցվել էլ»,- ասել է Սարգսյանը' նշելով, որ դա նշանակում է, որ դեպի վատն է փոխվում ներդրումային մթնոլորտը, ինչը կարտահայտվի մարդկանց կենսամակարդակի և ԱՊՀ մյուս երկրների հետ համագործակցության վրա:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ համար եղբայրական Ուկրաինան դուրս գա այս իրավիճակից որքան հնարավոր է շուտ, մենք հետաքրքրված ենք դրանում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Հարցազորւյցի ավարտին Սարգսյանը փոխանցել է նաև Օլիմպիական խաղերի մասին իր տպավորությունները:
«Այն ինչ տեսել եմ հեռուստատեսությամբ ամենահաճելի տպավորությունն է թողել ինձ վրա, հատկապես խաղերի բացման արարողությունը, որն ուղղակի հիանալի էր»,- ասել է Հայաստանի վարչապետը' տեղեկացնելով, որ ներկա է գտնվելու Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: