Ուկրաինայի արեւմտյան եւ կենտրոնական մարզերի վարչակազմերի ինը ղեկավարներ վայր են դրել իրենց լիազորությունները:
Պաշտոնաթող են եղել Օլեգ Սալոն (Լվովի մարզ), Վալենտին Խոպտյանը (Տեռնոպոլի մարզ), Ալեքսանդր Բաշկալենկոն (Վոլինի մարզ), Վասիլի Չուդնովը (Իվանով-Ֆրանկովսկի մարզ), Սերգեյ Ռիժուկը (Ժիտոմիրի մարզ), Գենադի Նիկոլայենկոն (Կիրովոգրադի մարզ), Ալեքսանդր Ուդովիչենկոն (Պոլտավայի մարզ), Իվան Մովչանը (Վիննիցայի մարզ):
Ընդունված որոշումների վերաբերյալ նախկին նահանգապետների հայտարարությունները զետեղված են մարզային վարչակազմերի կայքերում: Որպես պաշտոնաթողության պատճառ առավել հաճախ նշվել է «երկրում տիրող բարդ քաղաքական իրադրությունը»:
Մինչդեռ Խարկովի քաղաքագլուխ Գենադի Կեռնեսը կիրակի երեկոյան ժամանել է Ազատության հրապարակ, որտեղ ընթանում էին գործող իշխանության կողմնակիցների ու հակառակորդների բազմահազարանոց ակցիաները: Նա փորձել է անցնել մարզային վարչակազմի շենքը շրջափակող ընդդիմադիրների շարքերով, որպեսզի հավաքվածներին համոզի դադարեցնել բողոքի ակցիաները: Բայց դա նրան չի հաջողվել:
Դրանից հետո Կեռնեսը շփվել է իր կողմնակիցների հետ, որոնք տեղ էին զբաղեցրել «եվրամայդանի» դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Նա նշել է, որ կառավարության շենքի մոտ բողոքողները «ունեն հստակ առաջադրանք՝ ապակայոնացնել իրադրությունը»: Այդ կապակցությամբ քաղաքագլուխը կոչ է արել «խուսափել հակամարտության սաստկացումից» եւ չտրվել սադրանքների:
Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ «եթե Խարկովում ինչ-որ բան սկսվի, ապա մենք այն կկասեցնենք»: Կեռնեսը նաեւ ընդգծել է, որ «չի պատրաստվում որեւէ տեղ մեկնել»: