«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը, որի 37-րդ հոդվածով սահմանվել է քաղաքացիների պատասխանատվությունը օրենքի խախտման համար, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Եթե նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված էր, որ նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում էր և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում էր նպաստ կամ այդ համակարգով տրամադրվող որևէ այլ օգնություն ստանալու իրավունքից, ապա ներկայումս այս դրույթը մեղմացվել է, այլևս վեց ամսով զրկելու դրույթը հանվել է և ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում միայն դադարեցվում է նպաստի վճարումը:

 

Այսինքն' եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը նվազում է ՀՀ կառավարության կողմից սահմանած սահմանային մեծության միավորից, ապա ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվում է, սակայն ընտանիքը կարող է օգտվել անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող ընտանիքներին այդ համակարգով տրամադրվող աջակցության այլ տեսակներից: Իսկ եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը չի նվազում սահմանային մեծության միավորից, ապա այդ ընտանիքը շարունակում է ստանալ նպաստը:

 

Ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման, բայց ոչ ավելի, քան հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից: