Տարբեր օղակներում կան չինովնիկներ, ովքեր օրենքը չարաշահում են, ինչի պատճառով «կառավարությունը ստիպված էր մտնել հղիների գրպանները»: Նման կարծիք նոյեմբերի 27-ին, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

 

«Բարձր աշխատավարձ ստացող կանայք բարձր որակավորում ունեցող աշխատողներ են: Այսպիսով օրենքի փոփոխության նախագիծը ինչ-որ կերպ խրախուսում է ցածր որակավորում ունեցող աշխատողների ընդունումը, և այս ամենը կբերի երկրից որակյալ կին մասնագետների արտահոսքի: Այս օրենքից ելնելով' բարձր որակավորում ունեցող կնոջը չեն ընդունի աշխատանքի, քանի որ նա պոտենցիալ հղիացող է», - ասաց ասուլիսին մասնակից' «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:

 

Նույն գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը ներկայացրեց փոփոխված օրինագծի կետերց մեկը, որտեղ սահմանվում է մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստի չափը՝ 140 օրվա համար նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով: Սա միջին հաշվով կազմում է շուրջ 1 մլն դրամ՝ 2015 թվականին, և շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին:

 

Համաձայն առկա տեղեկատվության՝ ամսական 1 մլն դրամից ավելի եկամուտ է ստանում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատող շուրջ 400 կին, կամ այդ տարիքի աշխատող կանանց (շուրջ 110 000 անձ) շուրջ 0,35 տոկոսը, այսինքն, հղիությա ն և ծննդաբերության արձակուրդի համար շահառուների 99,65 տոկոսի համար կապահովվի 100 տոկոս փոխհատուցման գործակից:

 

«Իրավական և ժողովրդավար պետության տրամաբանությունն ու իմաստն այն է, որ անհատ ֆիզիկական անձը պետության գերագույն արժեքն է և ասել, որ 400 կին կազմում է շուրջ 0,35 տոկոս և սահմանափակել այս մարդկանց իրավունքները՝ ուղղակիորեն հակասում է Սահմանադրության առաջին կետին: Նաև շատ թեթև հաշվարկը ցույց է տալիս, որ եթե ինչ-որ անձինք չարաշահում են այս գործիքը, արհեստականորեն միջին երկու միլիոն դրամ աշխատավարձ փորձելով ապահովել, ապա իրենց վճարված հարկերի գումարն ավելի է, քան կանանց ստացած նպաստը», - ասաց Արամ Օրբելյանը:

 

Նա նաև արտահայտեց իր զարմանքը հնչող կարծիքների վերաբերյալ, որ օրինագծի ընդունման պատճառը նաև հանդիսացել է ծննդաբերությունից առաջ գործատուի կողմից սովորաբար կնոջը տրվող մեծ պարգևավճարը, որը արհեստականորեն բարձրացնում էր ծննդաբերությունից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը:

 

ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, հայտնելով իր անհանգստությունը, որ օրենքում փոփոխությունները պետք է այնպես կատարվեին, որ հղիները ստիպված չլինեին դուրս գալ փողոց: Սակայն նա նշեց, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխել է տրվող նպաստների գումարների 4 միլիարդից ավելացումը մինչև 12 միլիարդ դրամի, սակայն դրա հետ մեկտեղ երկրում չի ավելացել ծնելիությունը:

 

«Եթե այդ ավելացած գումարները ստանային մայրացող կանայք, ապա ես համոզված եմ, որ երկում ծնելիությունը կավելանար: Նաև մենք երկար պայքարեցինք, որպեսզի չաշխատող մայրերը նույնպես ստանան նպաստներ:

 

Չեմ կարծում, որ այս օրենքով մոտակա չորս տարվա ընթացքում, հղիացող կամ արդեն հղի և բարձր աշխատավարձ ստացող կանանց իրավունքները չեն պաշտպանելու: Ընդհակառակը, կարծում եմ, որ իրենց գործատուներն են դրդում բողոքել: Արհեստական խնդիրներ ստեղծել պետք չի, և իրականում այդ 400 կանայք միանգամից չեն հղիանա և բեռ դառնա իրենց գործատուների համար», - ասաց Կարինե Աճեմյանը:

 

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների օրինագիծը, որով պահպանվեց հղիներին հատկացվող նպաստների 100%-ը, միևնույն ժամանակ առավել քան 30 հազար չաշխատող հղիների համար սահմանվեց նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով նպաստ: Միևնույն ժամանակ, ներկայացված օրինագծով սահմանվեց առավելագույն շեմ՝ համաձայն որի, մեկ միլիոն դրամից ավելի վարձատրվող կանանց նպաստների վճարման պարտավորությունը մասամբ դրվելու է գործատուների վրա: