Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում խորհրդարանում գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մեծամասնության նախաձեռնությանը, քանի որ հանձնաժողովն ուսումնասիրելու է հանրությանը հուզող հարցեր: ԱԺ-ում գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը նշեց, որ գազամատակարարման ոլորտում երկար տարիներ շղարշով պատված պատմություններ են եղել, որոնք պետք է ուսո ւմնասիրվեն և բացահայտվեն: «Սա իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնել և պատասխաններ տալ»,- նշեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում հայտնաբերված թերությունները շտկելու և բացառելու համար առաջարկվելու են օրենսդրական նախաձեռնություններ: «Սա նույնպես շատ կարևոր է, և ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք օրենսդրական բարեփոխումների միջոցով կարգավորել խնդիրները»,- նշեց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաև մի շարք պատգամավորների այն դիտարկումներին, թե հանձնաժողովի կողմից ԱԺ-ին ներկայացվող եզրակացության վերջնաժամկետ պետք է սահմանվի գարնանային նստաշրջանի ավարտը: «Ես կարծում եմ, որ մեզ բավականին լուրջ աշխատանքներ են սպասվում, որոնք ժամանակ են պահանջում: Որպես փաստաբան կարող եմ ասել, որ երեք ամիսը դժվար թե բավարար լինի բոլոր հարցերի պատասխանները ստանալու և եզրակացություն ներկայացնելու համար: Նույնիկս առաջին ամիսը կարող է բավարար չլինել անհրաժեշտ պատասխանները ստանալու համար, որովհետև գիտեք, որ ցանկացած հարցման պատասխանելու համար 15 օր ժամանակ է տրվում»,- նշեց պատգամավորը:
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանում գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է իշխանական կոալիցիան: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: Խմբակցություններն առաջիկայում պետք է քննարկեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն առաջարկի վերաբերյալ:
Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել Ռուսաստանի հանդեպ գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և մանրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց բարձրացրած հարցերին: