ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սոչի-2014» օլիմպիական խաղերում Ռուսաստանի հաղթանակի կապակցությամբ:

 

Սերժ Սարգսյանն ուղերձում նշել է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Ընդունեք երախտագիտության անկեղծ խոսքերս Ձեր հրավերի համար՝ մասնակցելու 2014թ. Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի բացման արարողությանը, որն առանձնանում էր իր նրբաճաշակությամբ, խորհրդանշականությամբ և յուրօրինակությամբ, ինչն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Աշխարհը հիրավի հետևում էր վառ և հուզիչ տեսարանի ու հիանում դրա անթերիությամբ:

 

Ոչ պակաս տպավորիչ էր նաև Օլիմպիադայի փակումը, ինչն անկասկած կարելի է բնութագրել որպես փակման ամենամասշտաբային արարողությունը ձմեռային խաղերի ամբողջ պատմության ընթացքում:

 

Օլիմպիադայի տեխնիկական հագեցվածությունը և պրոֆեսիոնալ կազմակերպվածությունը որակական նոր մակարդակի բարձրացրեցին օլիմպիական հետագա խաղերի անցկացման գործընթացը՝ դրանով իսկ ավելի բարձր նշաձող սահմանելով ապագա կազմակերպիչների համար:

 

Իսկ օլիմպիադայի պսակը դարձավ Ռուսաստանի հավաքականի՝ մեդալների հաշվով տարած բացարձակ հաղթանակը՝ 33 մեդալ ռեկորդային քանակով: Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այս նշանավոր իրադարձության՝ աննախադեպ հաղթանակի կապակցությամբ և մաղթում Ռուսաստանի եղբայրական ժողովրդին նորանոր հաջողություններ և նվաճումներ»: