Ծաղկաձորի ճոպանուղուն հարող տարածքում մեկնարկեցին առաջին համահայկական ձմեռային խաղերը: Դրանց մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով.

«Սիրելի հայրենակիցներ, ես ջերմությամբ ողջունում եմ համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին: Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում. այս խաղերը պահանջված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին և այս 15 տարիների ընթացքում ջանք և եռանդ չխնայեցին, որ խաղերը կայանան: Այսօր վստահությամբ կարող ենք փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են:

Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այս խաղերն ամրպնդում են հայրենիք-սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում, այս հանգամանքը շատ կարևոր է: Ես հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն , թեժ պայքար և մարզական հաջողություն»: 

Ողջունելով ներկաներին' Համահայկական խաղերի կազմակոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վերհիշեց առաջին Համահայկական խաղերը, որը մեծ դեր ունեցավ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

«Հաճելիորեն զարմացած ենք Ձմեռային առաջին խաղերի մասնակիցների քանակից: Շուրջ 400 մասնակից 11 պետություններից, 22 քաղաքներից: Սա անակնկալ էր նաև մեզ համար, քանզի Հայաստանը, և կարծում եմ' նաև Սփյուռքը այդքան լավ ավադույթներ չունեն ձմեռային մարզաձևերում: Բայց, եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծը: Սիրելի մասնակիցներ, ես ջերմորեն ողջունում եմ ձեզ Մայր հայրենիքի այս գեղատեսիլ վայրում' Ծաղկաձորում: Ուզում եմ, որ դուք շատ սիրեք իմ, ձեր և համայն հայության հույսի կենտրոն Հայաստանը»,- նշեց Զաքարյանը:

Համահայկական ձմեռային առաջին խաղերի կրակը վառեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը: Իսկ մարզիկների անունից Օլիմպիական երդում տվեց Սոչիի Ձմեռային խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը:

Ձմեռային առաջին խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղերի ընթացքում կխաղարկվի 39 մեդալ, 1 գավաթ: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը' դահուկ, լեռնադահուկ, և սնոուրբորդ, կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը' Երևանում:

Սնոուբորդի մրցաշարը կկայանա Ծաղկաձորում, փետրվարի 28-ի ժամը 11.30-ին: Լեռնադահուկի մրցումները ևս կկայանան Ծաղկաձոր քաղաքում' փետրվարի 25-ի ժամը 11.30-ին և փետրվարի 26-ի ժամը 11.30-ին: Մարտի 1-ին և 2-ին գլխավոր մարզաբազայում կկայանան դահուկավազքի մրցումները' ժամը 14.30-ին: Երևանը կհյուրընկալի Տափօղակի հոկեյի մրցաշարը: Այց հանդիպումները կկայանան Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում' փետրվարի 25-ի ժամը 18.00-ին, փետրվարի 26-ի ժամը 18.00-ին, փետրվարի 28-ի ժամը 18.00-ին: