Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, փետրվարի 25-ին կայացած ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստի ժամանակ ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները, մեծ նվաճում համարեց հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջև ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակին, խումբն ակտիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատեց:

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ նշեց, որ մի շարք թիրախային ոլորտներում Հայաստանը փորձառու մասնագետների խորհուրդների կարիքն է զգում: Բաղդասարյանի խոսքերով, թեպետ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, սակայն դա չի նշանակում, որ Եվրամիության հետ տնտեսական ոլորտում համագործակցություն չի լինելու: Հենց այդ նպատակով ԱԽ քարտուղարը կարեւորեց փորձառու մասնագետների խորհուրդը, ովքեր կկարողանան Մաքսային միության հետ համադրել Եվրամիության համագործակցությունն ու վեր հանել հակադրությունները: «Հայաստանի առաջնահերթություններից է սահմանային անցակետերի և մաքսային համակարգի կատարելագործումը' կիրառելու մեկ գործողություն, մեկ պատուհանի սկզբունքը, և այդ առումով Հայաստանն անհրաժեշտություն է զգում փաստաթղթերի մշակման համար խորհրդակցել փորձառու մասնագետի հետ: Արդարադատության ոլորտում էլ այլընտրանքային պատիժների կիրարկման հարցը նույնպես օրակարգային է: Համակարգի ներդրման համար հայկական կողմը անհրաժեշտ փորձագետների առաջարկությունները լսելու նպատակահարմարություն է տեսնում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը, ինչին ի պատասխան Հայաստանում ԵՄ դեսպանն ասաց, որ բարձրացված հարցերը կընդգրկվեն աջակցության շատ ավելի մեծ ծրագրում, քան ԵՄ խորհրդատվական խորհրդի խումբն է:

 

ԵՄ խորհրդատվական խորհրդի խումբը ստեղծվել է 2009-ին՝ Հայաստանում անցկացվող բարեփոխումներին աջակցելու նպատալով: Ծրագրի վերջնաժամկետը 2014թ. նոյեմբերն է: