: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրամիության սերտ համագործակցությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ: Խոսվել է ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման և Երևանում նոր ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին: ՀՀ ոստիկանության պետը նշել է, որ այս ուղղությամբ շարունակում են իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ արդյունավետ և որակյալ ստորաբաժանում ունենալու համար:
Պյոտր Սվիտալսկին, ողջունելով ոստիկանությունում կատարվող բարեփոխումները, հայտնել է իր աջակցությունը դրանք կյանքի կոչելու համար: Դեսպանը նշել է, որ վերջին շրջանում նկատելի են ոստիկանությունում դրական փոփոխությունները: Դրա շնորհիվ է նաև, որ էականորեն մեծացել է հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ:
Կողմերը քննարկել են փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: