ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

 

Նրա խոսքով՝ Վիլնյսուսի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը հաստատում է, որ անցած ճանապարհն արդյունավետ է եղել:
«Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի ժողովրդավարական կդարձնեն: Ակնհայտ է, որ դրա արդյունքում շահել է Հայաստանի հասարակությունը»,-ընդգծել է Շարմազանովը:

 

Ինչ վերաբերում է խորհրդարանական համագործակցությանը, ապա, ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ էլ առաջընթաց կա:
Նրա խոսքով՝ բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ, ինչպես նաեւ «Եվրանեսթի» շրջանակներում:

 

«Հույս ունենք, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի եւ կլինի արդյունավետ, որովհետեւ այն բխում է մեր հասարակության շահերից»,-ամփոփել է Շարմազանովը: