Երևան քաղաքի կենտրոնում կատարված տասը սպանությունները մինչ օրս բացահայտված չեն, առ այսօր սպանվածների իրավահաջորդները, տուժածները որևէ փոխհատուցում չեն ստացել, այս ամենը որևէ արդարացում չունի, եզրակացությունը մեկն է՝ Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն ամեն ինչ արել են՝ կոծկելու համար, վարչախումբը հետաքննությունն ապահովելու փոխարեն ամեն ինչ բարդեց ընդդիմության վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ' Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Վերջինիս խոսքով՝ հարուցվել են շինծու գործեր: «Ոչ մի մարդասպան դեռ դատարանի առաջ չի կանգնել, իրական հանցագործները մնացել են անպատիժ, սակայն սա չի նշանակում, որ իմաստ չունի ստեղծել նոր հանձնաժողով: Այն կարող է օժանդակել առնվազն երեք-չորս սպանության բացահայտմանը, այն կարող է լինել այն ժամանակ, երբ պատասխանատու անձինք կանգնեն դատարանի առաջ: Պետք է վերջ տալ անպատժելիությանը»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ' եթե ժամանակին պատժվեին ապրիլի 12-ին ՀԱԿ ցուցարարների նկատմամբ բռնություն իրականացրած անձինք, ապա չէր լինի նաև մարտի մեկը, «քանի դեռ մեր երկրում իշխանությունը չի ձևավորվում ժողովրդավարական ընտրությունների միջոցով, մենք նման դեպքերից ապահովագրված չենք, մեզ մոտ ամեն ընտրություն լարվածության նոր ալիք է ստեղծում այն պարզ պատճառով, որ կեղծում են, ամեն կեղծված ընտրության համար, մեր ժողովուրդը թանկ գին է վճարում»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը: