Թուրքիայում քաղաքական ընդդիմության գլխավորությամբ զանգվածային բողոքի ցույցեր են սկսել, որոնց մասնակիցները պահանջում են երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրաժարականը: Զանգվածային ցույցերը սկսվել են Էրդողանի' իր կրտսեր որդու' Բիլալի հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրության համացանցում հրապարակումից հ ետո, որում նա հանձնարարում է թաքցնել Բիլալի եւ մյուս զավակների մոտ եղած մոտ 1 մլրդ դոլար կանխիկ գումարը:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլի բաժանմունքի ղեկավար Օղուզ Քաան Սալըջին, դիմելով Էրդողանին, ասել է. «Եթե չապացուցես, որ այդ ձայնագրությունները կեղծ են, ապա ստիպված կլինես հրաժարական տալ»:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ Թաքսիմ են բերել թղթե դոլարներ եւ ելույթներից հետո օդ շպրտել: Իրավապահ մարմինները հետեւել են ակցիային, սակայն, չեն միջամտել:
ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, նկատի ունենալով Էրդողանին, երեկ հայտարարել էր, որ «գողը չի կարող վարչապետ լինել»:
Փետրվարի 24-ին համացանցում հայտնվել էր Թուրիքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ որդու' Բիլալ Էրդողանի միջեւ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին, երբ իրավապահ մարմինները «Մեծ կաշառք» գործողության շրջանակում կոռուպցիայի, կաշառակերության, դրամաշորթության եւ մաքսանենգության մեղադրանքներով երեք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների հետ ձերբակալել էին 50-ից ավելի պաշտոնատար անձանց: Այդ մարդիկ կասկածվում են խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ, որոնց արդյունքու մ մոտ 200 մլրդ դոլարի հասնող փողեր են լվացվել: Հեռախոսազրույցում, որը թուրքերենով եւ անգլերենով հասանելի է համացանցում, Էրդողանը որդուն տեղեկացնում է, որ խուզարկություններ են սկսվել եւ հանձրարել որդուն' դուրս բերել եւ ապահով տեղերում թաքցնել տանը եղած կանխիկ գումարները: Էրդողանը Բիլալին պատվիրում է նաեւ տեղեկացնել ավագ եղբորը եւ քրոջը, որպեսզի նրանք եւս թաքցնեն տներում եղած գումարները: