Եթե չնայենք անցյալին և քաղաքական գնահատականներ չտանք մարտի 1-ի արյունալի դեպքերին, ապա կարող ենք հայտնվել արյունալի դեպքերի կրկնության սպառնալիքի տակ: Ազգային ժողովում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Հիմա այս ամբիոնից ընդդիմության ներկայացուցիչները խոսում են ոչ թե ներկայացված փաստաթղթի մասին, որով առաջարկում են մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծել, այլ մարտի 1-ի վերաբերյալ քաղաքական գնահատականներ են հնչեցնում: Եվ դա նորմալ է, մենք պետք է հետ նայենք և դասեր քաղենք անցյալից: Եթե մենք ժամանակին ճիշտ քաղաքական գնահատական տայինք մինչ այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններին, միգուցե մարտի 1-ի դեպքերը չլինեին»,-նշեց Հարությունյանը:
ՀՀԿ պատգամավորն անընդունելի է համարում այն, որ ընդդիմության ներկայացուցիչները մարտի 1-ի արյունալի դեպքերի ամբողջ պատասխանատվությունը գցում են իշխանության վրա: «Հիմա այստեղ փորձում են մարտի 1-ի դեպքերը ներկայացնել որպես իշխանությունների կողմից կազմակերպված սպանդ: Այո, ես համաձայն եմ, միգուցե իշխանությունների պահվածքն այնքան էլ անբասիր չի եղել, միգուցե նրանք սխալ որոշումներ են ընդունել այդ ժամանակ, սակայն անընդունելի է ամբողջ մեղքը իշխանությունների վրա բարդելը»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի դեպքերի հետևանքով վիրավորվել է 35 քաղաքացիական անձ և 200-ից ավելի ոստիկան: «Ինչի՞ մասին է սա խոսում: Սա խոսում է այն մասին, որ ցուցարարները խաղաղ չեն եղել: Եթե ցուցարարները մահակներով զինված են, նրանք արդեն խաղաղ ցուցարարներ չեն: Սահմանադրությունը հստակ արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անցկացնելու իրավունք: Սակայն այդ օրը մահակներով զինված ցուցարարները չեն կարող խաղաղ ցուցարարներ համարվել»,- նշեց Հարությունյանը:
ՀՀԿ պատգամավորը մարտի 1-ի դեպքերի բացահայտման միակ ճանապարհը իշխանության և ընդդիմության միջև համագործակցությունն է համարում: Նա հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի համագործակցության եզրեր գտնել և փորձել քայլեր ձեռնարկել, տալ բոլորին հուզող հարցերի պատախսանները:
Ազգային ժողովը քննարկում է մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցությունը: Հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը: