Երեկ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԵԺԿ համաժողովում: Սա, փաստորեն, իր հրաժարականից հետո առաջին հանրային խոսքն էր, որին ՀՀԿ-ականները շատ էին պատրաստում հայ հանրությանը՝ «ժամանակը գա, նախագահը կխոսի»:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, խոսելով Սարգսյանի ելույթի մասին, ասաց, որ սա այն ելույթը չէր, որին հայ հասարակությունը սպասում էր: Այդ ելույթը պետք է լիներ Հայաստանում, հայ ժողովրդի դիմաց: Վերջին հաշվով՝ հիշում ենք, թե ինչպես նա հեռացավ, ասելով՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Մինչև հիմա չունենք դրա բացատրությունը, թե ինչով էր Նիկոլը ճիշտ, ինքը՝ սխալ: 

«Իհարկե, նա փորձեց ինչ-որ ձևով բացատրել, թե ինչու իշխանությունը այդքան հեշտությամբ հանձնեց, բայց ես այն կարծիքին եմ, որ նա այդ որոշմանը հեշտ չի եկել, ուղղակի այլընտրանք չի ունեցել: Իհարկե, փառք ու պատիվ իրեն, որ չգնաց ծայրահեղություների և արյուն չթափվեց: Եվ դա իրականություն է»: 

 

 

Ի վերջո, որն էր Սերժ Սարգսյանի սխալը և որտեղ էր սխալվել նա. «Ինչն էր նրա սխալը: Նա սխալ էր, քանի որ տվեց մի խոստում ժողովրդին, անցկացրեց սահմանադրությունը, որից հետո խախտեց իր խոստումը: Սա էր նրա սխալը: Եվ իմ կարծիքով, նա երկար ժամանակ չի մարսելու այդ սխալը, քանի որ ճիշտ չի գնահատել մեր ժողովրդի պատվախնդրությունը և քաղաքական իրավիճակը»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը և շեշտում՝ ելույթում հանգուցային մտքեր հնչեցին:  Սերժ Սարգսյանը Եվրոպայում էր ելույթ ունենում ու պետք է կարողանար  կարևորել 2018 թվականի սեփական վարքագիծը և պետք է դրական լույսի ներքո ներկայացնել այն: Ինչը և արեց: Սակայն, քաղաքական գործչի կարծիքով, հայ հանրությունը այլևս չի սպասում Սերժ Սարգսյանի խոսքին, քանի որ վաղուց հրաժեշտ է տվել նրան և առանձնապես սպասելիք էլ չունի: 

 

«Հայ հասարակությունը այստեղ չհավատաց Սարգսյանին: Գուցե եվրոպական բեմից, եվրոպացիներին դիմելու համար ասելիք ուներ, հայերին՝ ասելիք չունի»,- նկատում է մեր զրուցակիցը: 

 

Հարցազրույցի ընթացքում Լյուդմիլա Սարգսյանը համեմատականներ տարավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը ավելի խոհեմ պետական  գործիչ է, քան Քոչարյանը, քանի որ նա ավելի մեծ դժվարությամբ կգնա ծայրահեղությունների: Սակայն դա չի նշանակում, որ այսօր Սարգսյանի նկատմամբ վստահության աճ կա. «Ո՛չ Սարգսյանի, ո՛չ էլ Քոչարյանի հանդեպ վստահություն չկա: Ավելին՝ շատերը ակնկալում են, որ Սարգսյանը Քոչարյանի կողքին պետք է հայտնվի, որպես «Մարտի 1-» դեպքերի մասնակից: Կարծում եմ, որ հենց այս մասով է նա հետաքրքիր հայ հասարակությանը»:

Լուսինե Մարդոյան