Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Համլետ Թադևոսյան. ՀՀ այս քաղաքացիները զոհվեցին Երևանի կենտրոնում' 2008թ. Մարտի 1-ին:

 

Լրանում է Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 6-րդ տարելիցը:

 

2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, պաշտոնական տվյալներով պարտություն կրած, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ' սկսվեցին շուրջօրյա հանրահավաքներ, նստացույց: Ընդդիմությունը բողոքարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները, պահանջում արտահերթ ընտրություններ:

 

2008 թվական, փետրվարի 26... Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում:

 

Նույն օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք էր հրավիրել նաև պաշտոնական տվյալներով հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը: Իշխանության հանրահավաքին «եկած» քաղաքացիները լքում էին Հանրապետության Հրապարակը և «Միացո՛ւմ, միացո՛ւմ», «Լևո՛ն, նախագահ» վանկարկումներով միանում էին Ազատության հրապարակում հավաքվածներին: Այդ օրը Ազատության հրապարակի ամենաբազմամարդ հանրահավաքն էր:

 

Երգ, պար, ելույթներ, կոչեր, հույզեր ու հույսեր...Շուրջօրյա հանրահավաքներ, նստացույցեր... ամեն ինչ մեկտեղվել էր Ազատության հրապարակում: Մարդիկ եկել էին Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր գյուղերից ու համայնքներից:

 

9 օր շարունակվող խաղաղ նստացույցից հետո՝ Մարտի 1-ի առավոտյան, ոստիկանությունն Ազատության հրապարակից ցրեց ցուցարարներին: Բողոքի ակցիան շարունակվեց Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, ինչին հաջորդեց բախումը ցուցարարների և ոստիկանության միջև:

 

Տխուր էր գարնան առաջին օրվա լուսաբացը, իսկ օրվա վերջը՝ ավելի դաժան։ Մարտի 1-ի երեկոյան սկսված և մարտի լույս 2-ի գիշերը շարունակված բախման հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում՝ 2 զինվորական: Հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:

 

Անցել է արդեն 6 տարի, բայց դեռ բացահայտված չեն 10 զոհերի սպանության հանգամանքները, պատժված չեն սպանությունների մեղավորները:

 

Չնայած իշխանությունները հաճախ հայտարարում են, որ Մարտի 1-ի էջն արդեն փակված է, այնուամենայնիվ, ընդդիմությունն ու զոհերի հարազատները հայտարարում են, որ քանի դեռ մեղավորները չեն բացահայտվել և պատժվել, այդ էջը փակված համարել չի կարելի:

 

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին' ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:

 

Օրակարգում

 

* Մարտի 1-ի բացահայտման և պատասխանատուների իրավական պատասխանատվության պահանջը

 

* Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները

 

* Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարը

 

* Գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերը

 

* Արտաքին քաղաքական խնդիրներ

 

* Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները

 

Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:



Գայանե Համբարձումյան