Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը լույս տեսավ հետմահու: «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ' գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը: Խեչոյանի տաղանդի երկրպագուները հավաքվեցին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը' ականատես լինելու շնորհանդեսին և ձեռք բերելու նոր գիրքը: Միջոց առմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք ու արվեստասերներ:
«Ուրախալի է, որ Խեչոյանն ավարտին հասցրեց այս վեպը: Իսկապես, բախտ ունենք գիրքը պահել մեր ձեռքերում: Մյուս կողմից' ցավալի է, որ նա ներկա չէ այս գեղեցիկ հանդիսությանը և իր արձակի երկրպագուների հետ չի կարող տոնել այս օրը, բայց մենք մխիթարվում ենք, որ, այնուամենայնիվ, նա կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի օրինակը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Հայաստանի գրողների Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավով նշեց, որ Խեչոյանը այլևս չկա: «Շատ գեղեցիկ գիրք է, համենայնդեպս, անհրաժեշտ է ընթերցել այն, հետո միայն խոսել դրա մասին: Կարծում եմ, այսպիսի գրքերն արագ կարծիք հայտնելու համար չեն: Հավատ կա, որ պետք է լավը լինի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Վեպի խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսն անգնահատելի է համարում Խեչոյանի ավանդը հայ գրականության մեջ: «Շատ կարճ ժամանակ է անցել այն օրից, երբ մենք հրաժեշտ տվեցինք մեր ընկերոջը: Լևոնը թողել է հիասքանչ ժառանգություն' պատմվածքներ, վեպեր, նոթեր, որոնցով հարստացավ մեր գրականությունը: Մենք ամենայն պատասխանատվությամբ կարող ենք ասել, որ Լևոն Խեչոյանը ստեղծել է գործեր, որոնք մեր արձակի վարպետների ստեղծագործությունների կողքին են»,- նշեց Հակոբ Մովսեսը:
«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողների։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։
Շնորհանդեսի ընթացքում ընթերցվեցին հատվածներ Լևոն Խեչոյանի նոր գրքից: Ելույթ ունեցողները կարևորեցին Խեչոյան գրողի մեծ ավանդը և նշեցին, որ գրողը մշտապես կմնա բոլորի սրտերում:
Հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր Լևոն Խեչոյանը: Նա ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել է Արցախյան պատերազմին: