Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելիշվիլին այցելել է Էջմիածին և հանդիպել բանակի իր ընկերոջը' Ռոբերտ Աբրահամյանին: Նախագահը Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղադրել է հանդիպման տեսանյութը ու թողել գրառում, որ շատ երջանիկ է հին ու հարազատ ընկերոջը կրկին հանդիպելու համար:

 

Նախագահը գրել է, որ Ռոբերտ Աբրահամյանի հետ պատահական ծանոթացել է փողոցում՝ Էջմիածնի զորամասում ծառայելու ժամանակ, և մինչ օրս նրանք ընկերական հարաբերությունների մեջ են: Վրաստանի նախագահի խոսքով՝ նա չէր կարող չայցելել իր վաղեմի ընկերոջը, ով ժամանակին վեց ամիս իրեն խնամել է սեփական տանը: Իր էջում նախագահը գրել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմական են և այդ պատմական հարաբերությունների լավագույն արտացոլանքն իր ու Ռոբերտի ընկերությունն է: