Աշխատանքային այցով Արագածոտնի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է մարզխորհրդի նիստին: Իր ելույթում նախարարը 2013 թվականն Արագածոտնի մարզի գյուղատնտեսության համար հազվադ եպ արդյունավետներից է համարել' նշելով, որ գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքներ:

 

Խոսելով ընթացիկ տարվա խնդիրների մասին' նախարարը լավատեսորեն ասել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ Հայաստանում իրակացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակու թյան» ծրագիրը, որով մարզի մի շարք համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր և 27 միավոր գյուղատնտեսական այլ տեխնիկա:

 

Ընթացիկ տարի նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս մի քանի համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:

 

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալով պարգևատրել է Թաթուլ և Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին և Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Սարգիս Սահակյանի հետ այցելել է Ագարակ համայնքում գտվող անհատ ձեռներեց Արմեն Ղուկասյանի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300 քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000 կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը, և՛ մարզպետը գոհ են մնացել նման արդյունքից:

 

Գյուղացիների հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է մթերումների խնդրին' նշելով, որ անչափ կարևոր այդ հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և ներկայում վերջինիս բարելավման համար քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում: