ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր' օգոստոսի 15-ին, ընդունել է Հալեպի Կրթասիրաց մշակութային միության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, Հալեպի Կրթասիրաց մշակութային միության խնամակալության հաշվապահ Ջորջ Քասարյանը, միության հոգաբարձության անդամ Վաչե Դիշոյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հյուրերը պատմել են Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին' շեշտելով, որ հպարտ են հայրենիքում իրենց նկատմամբ առանձնակի մոտեցումների համար: Սիրիահայերը խորին երախտագիտություն են հայտնել նախարարին լավ վերաբերմունքի և ցուցաբերվող աջակցության համար: Նրանք նշել են, որ չափազանց կարևոր է ինչպես առողջապահական խնդիրների, այնպես էլ բուժաշխատողների զբաղվածության խնդրի լուծումը:

 

 

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Ստեփանյանը: Նա ՀՀ սփյուռքի նախարարության և սիրահայերի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը' սերտ համագործակցության, օպերատիվ աշխատանքի և սիրահայերի հանդեպ հոգատար աշխատանքի համար: «Համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք օգնել սիրիահայերին:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը' որպես ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, մշտապես օգնության ձեռք է մեկնում սիրիահայերին»,- նշել է հանձնաժողովի քարտուղարը' ընդգծելով, որ իրենք բարձր են գնահատում նախարարության աշխատանքը:

 

«Ընդամենը մեկ զանգով, մեկ գրությամբ մարդկանց առողջության և ճակատագրի հետ կապված հարցեր են լուծվում: Ամենակարևորն այն է, որ ոչ միայն առողջապահական համակարգում, այլև տարբեր որոտները ներկայացնող մասնագետները գտնեն իրենց տեղը հայրենիքում»,-ընգծել է Ստեփանյանը' հայտնելով, որ իրենց հաշվարկով վերջին երկու տարիների ընթացքում 700-ից ավելի սիրիահայեր ստացիոնար բուժում են անցել Հայաստանում:

 

«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար»,- ասել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ, Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի հոգաբարձության երկարամյա հաշվապահ Ալեքսան Կարադանայանը և նշել, որ բազմիցս առիթներ է ունեցել այցեցելու ՀՀ առողջապահության նախարարություն և տպավորված է աշխատակազմի հոգատար և ջերմ վերաբերմունքով:

 

Նախարար Արմեն Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշել է, որ հպարտանելու առարկա է այն, որ նախարարության աշխատանքը նկատելի է: «Կարծում եմ, որ դա շարունակական է լինելու: Շատ սիրիահայ բժիշկներ աշխատում են ամենապատասխանատու վայրերում' Երևանում և մարզերում, զարդարելով այդ առողջապահական կառույցները: Դրանով լուծվում է նաև մարզերի համաչափ զարգացման խնդիրը, ինչը երկրի և կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է և մեծ օգուտ է բերում մեր երկրին»,- հավելել է նախարարը:

 

Սիրիահայերին օգնելուն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը շարունակական են լինելու: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ հանրապետության մարզերի մի շարք' Սպիտակ, Թալինի, Գավառի բժշկական կենտրոններում, սիրիահայ բժիշկներն հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը:

 

Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը սիրիահայերի անունից Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին է հանձնել Հալեպի Կրթասիրաց մշակութային միության «Մեսրոպ Մաշտոց» արծաթե հուշամեդալը, որը խորհրդանշում է ոչ միայն նախարարի, այլև գերատեսչության ամբողջ անձնակազմի կողմից սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը: