Հայ-թուրքական սահմանը բացելու հարցում Թուրքիայի աննշան ցանկության առկայության պարագայում նույնիսկ սահմանի ականապատ հատվածները չեն խոչընդոտի երկկողմ տնտեսական կապերին: Հայ-թուրքական սահմանին Թուրքիայի նախաձեռնած ականազերծման աշխատանքների և ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի միջև ուղղակի կապ չկա:

 

Այդ մասին մարտի 1-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ակտիվացման և հայ-թուրքական սահմանի հակառակ կողմում ընթացող ականազերծման աշխատանքների կապի մասին հարցին: ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի ականազերծման աշխատանքները Թուրքիան նախաձեռնել է հիմնականում Եվրամիության գումարներով մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման մասին հայտարարելը: Քոչարյանը նշեց, որ հայ-թուրքական սահմանի ականապատումը պայմանավորված էր քրդական խմբավորումների հետ թուրքական իշխանությունների պայքարով:

 

«Պետք է ասեմ, որ եթե Թուրքիան ցանկություն ունենար իրոք առաջնորդվելու այն արձանագրություններով, որոնք ստորագրված են, ապա նույնիսկ այդ ականապատված հատվածը որևէ պրոբլեմ չէր ստեղծելու Հայաստան-Թուրքիա տնտեսական և այլ հարաբերությունների համար»,- ասաց Քոչարյանը՝ հորդորելով Թուրքիային առաջնորդվել գոյություն ունեցող արձանագրություններով և առանց նախապայմանների դրանք վավերացնել ու կյանքի կոչել:

 

Թուրքիան 1993 թվականին, աջակցելով «եղբայրական» Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Արցախի, փակեց հայ-թուրքական սահմանը՝ խախտելով միջազգային օրենքները: Թուրքիան մինչ այսօր հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանը՝ այդ հարցը կապելով արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի հետ: