Հայաստանի օդային սահմանը հոկտեմբերի առաջին տասնօրյակում խախտած թուրքական ռազմական ուղղաթիռներն անմիջապես հեռացել են Հայաստանի սահմաններից, երբ օդ են բարձրացվել համապատասխան միջոցներ՝ ուղղաթիռներն իջեցնելու համար: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Երբ այդ ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը, անմիջապես օդ են բարձրացվել համապատասխան ռազմական ինքնաթիռներ, որպեսզի իջեցնեն այդ ուղղաթիռները, սակայն դրանք անմիջապես հեռացել են Հայաստանի սահմաններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

 

Դիտարկմանը, թե այդ միջադեպը թուրքական կողմը պատճառաբանել է եղանակային վատ պայմաններով, Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ խնդիրը պատճառաբանությունը չէ, այլ փաստն է: «Եվ խնդիրն այն է, որ նման դեպքերում համապատասխան գործողություն է պետք իրականացնել: Եվ դա ընդունված է տվյալ պարագայում. եթե տեղի է ունենում խախտում, ապա առաջին քայլը նստեցնելն է, իսկ եթե չի ենթարկվում, արդեն կարելի է դիմել այլ քայլերի: Սակայն այս դեպքում թուրքական ուղղաթիռներն արագ հեռացել են»,- եզրափակեց Քոչարյանը: