ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իրազեկել է թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքի մասին և ակնկալում է նրա արձագանքը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում պատվիրակներին հնարավորություն է տրվել հարցեր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, սակայն քանի որ յուրաքանչյուր պատվիրակությունից մեկ անձի է հնարավորություն տրվել հարց տալ, իսկ հայկական պատվիրակությունից հարց է հնչեցրել Կորյուն Նահապետյանը, ուղղաթիռների վերաբերյալ հարցն իրեն չի հաջողվել հնչեցնել լիագումար նիստի ընթացքում: «Ես նիստից հետո միջանցքով հասա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետևից և նրան հարց ուղղեցի թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից հայկական օդային սահմանը խախտելու մասին: Նա զարմացած դեմք ընդունեց և ասաց, որ տեղյակ չէ այդ մասին: Նա խնդրեց իրեն գրավոր հարց ուղարկել՝ խոստանալով անպայման արձագանքել: Ես գրավոր հարցն ուղարկեցի ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Ես այդ մասին տեղեկացրի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ներկայացրեցի գրավոր հարցը և խոստում ունեմ, որ պատասխանն անպայման կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պողոսյանը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ պատասխանից հետո կորոշեն, թե ինչ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այդ հարցի շուրջ աղմուկ բարձրացնելն է, այլ ձևավորել այնպիսի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան դասեր ստանան, որ նման բաներն այլևս չկրկնվեն: «Եթե մի կառույց իսկապես գնահատում է իր անդամ երկրների սահմանների անձեռնմխելիությունը և պատրաստ է դրա համար ամեն ինչ անել, ապա նա պետք է սկսի իր օրինակից: ՆԱՏՕ-ն առաջինը պետք է ներողություն խնդրեր այդ դեպքի համար՝ անգամ եթե այդ խախտումը պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով: Իսկապես շատ հավանական է, որ հենց եղանակային վատ պայմանների պատճառով են ուղղաթիռները խախտել Հայաստանի օդային սահմանը, սակայն ես կցանկանայի լսել հենց ՆԱՏՕ-ի գնահատականն այս միջադեպին, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար»,- ընդգծեց Պողոսյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ գնահատական տա թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքին: «Ինչպես գիտեք, այդ միջադեպի հետ կապված Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետը տվել է պարզաբանում: Հարցում է ուղարկվել Թուրքիա. Անկարայից ստացված պատասխանից պարզվել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով է, որ մարտական ուղղաթիռները հատել են Հայաստանի օդային սահմանը: Դեպքն ինքնին արտառոց է և մտահոգիչ: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ երկիր է Թուրքիան, պետք է արձագանքի այս դեպքին, հստակ պարզաբանումներ պետք է տրվեն: Կարծում եմ, որ իրավիճակը սրելու կարիք չկա, սակայն մենք պետք է բարձրացնենք մեր զգոնությունը, հստակ հասկանանք, որ մենք պետք է կարողանանք մեր սահմանները պաշտպանել»,- ընդգծեց Նահապետյանը:

 

Պատգամավորը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգը պատրաստ են դիմակայել նման ոտնձգություններին, եթե դրա կարիքը զգացվի: