Մադրիդյան սկզբունքները Հայաստանի երազանքը չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
 
«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, այն առաջարկել են միջնորդները։ Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են որպես հիմք բանակցոթւոյւնների համար, Արցախը նույնիսկ այն որպես հիմք չի ընդունել», - ասաց նա։
 
Փոխարտգործնախարարի կարծիքով՝ խնդրի լուծումը Հայաստանի և Արցախի հզորացումն է, ինչպես նաև համակարգված աշխատանքը միջազգային ատյաններում։
 
«Մենք պետք է միշտ հիշեցնենք, որ Արցախի տարածքներ կան, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Եվ դա հենց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքն է: Որովհետև մի դաշտում, որտեղ մեզ փորձում են մեղադրել, պետք է հարցնենք՝ բա լավ, այս տարածքները ինչպե՞ս հայտնվեցին ձեր տարածքում՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունու ու Մարտակերտի որոշակի շրջանները: Դա հենց ագրեսիայի դրսևորում է»,- նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը շատ պարզ ասում է՝ տարածքային ամբողջականություն, «բա մե՞նք ինչ ենք ասում. կարող ենք ասել ինքնորոշում, բայց դա բավարար չէ»: