Հայաստանի Հանրապետությունը մինչև 2014 թվականի ապրիլի կեսերը կավարտի Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումները: Այդ մասին մարտի 1-ին հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

 

«Մենք համոզված ենք, որ մինչև ապրիլի կեսը կավարտենք բոլոր աշխատանքները, որոնք սահմանված են «Ճանապարհային քարտեզով»»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանն արդյունավետ և իր ժամանակին իրականացնում է «Ճանապարհային քարտեզ»-ով սահմանված միջոցառումները: ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի կառուցվածքի հետ կապված:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ի ն Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը: