«Կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ է հայտնաբերվում Հայաստանում փետրվարի 23-ին: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել է 3կգ «կոկաին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Այս անգամ մաքսանենգը ոչ թե ոլորտում ռիսկային համարվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ինչպես սովորաբար լինում է, այլ Իտալիայի, ով թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել է Հայաստան:

 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի խոսքով՝ հայտնաբերված 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցը դեռևս աննախադեպ քանակ է մնում Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում: «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ուն ի' հատուկ պատրաստված թաքստոցում: Ըստ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ Մուշեղ Մանվելյանի՝ թաքստոցներից մեկը ճամպրուկում նախապես պատրաստված կրկնակի հատակն էր, մյուսը' դյուրակիր համակարգչի պայուսակի միջնապատը. «Իսկ կասկածելի փոշենման զանգվածով լեցուն պոլիէթիլենային տոպրակները պատված էին հատուկ նյութով»:

 

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կասկածները հիմնավորելու նպատակով նշված զանգվածը ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ այն որակավորվել է որպես «կոկաին» տեսակի թմրանյութ: Աննախադեպ այս դեպքի բացահայտման նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը համագործակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ:

 

Մաքսային հսկողության նորագույն լուծումների անընդհատ կիրառմանը, տեխնիկական վերազինմանը զուգընթաց վարչությունում մաքսանենգության դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով կարևորվում է նաև մարդկային գործոնը. այս խոշոր փորձը կանխվել է հենց անձնակազմի պրոֆեսիոնալ թիմի զգոնության շնորհիվ, վստահեցնում է վարչության պետ Սամվել Սանամյանը:

 

Նշենք, որ իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն առաջին անգամ է մեր երկրում և իր իսկ խոստովանությամբ՝ ճամփորդության վերջին կանգառը հենց Հայաստանն էր: «Մեր ունեցած տվյալներով, մաքսանենգը պետք է կանգ առներ երևանյան հյուրանոցներից մեկում, որտեղ նրա համար սենյակ էր ամրագրել իսպանական մի ընկերություն»,-նշել է վարչության պետ Սամվել Սանամյանը:

 

Ի դեպ, մաքսանենգի հայտարարության համաձայն, 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի արժեքը կազմում է շուրջ 1,5մլն դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: