Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի հիշատակ Մարտի մեկի զոհերի:
Հանրահավաքին ելույթով հանդես եկավ Արամ Մանուկյանը:
«Վեց տարի է անցել այն օրից, երբ պետական խուժանը հարձակվեց հրապարակում խաղաղ ցույց անող ժողովրդի վրա, գնդակահարվեցին քաղաքացիներ, հաշմանդամ դարձան շատերը, առնվազն տասը զոհ ունեցանք:
Մինչև հիմա հայ ժողովուրդը կրում է պատմական հանցագործության վնասները: Տասը երիտասարդ զոհվեց, անմեղ արյուն հեղվեց, անտեղի արյուն չէր, բոլոր զոհերը խաղաղության, ժողովրդավարության, արժանապատվության ճանապարհին են զոհվել»:
Արամ Մանուկյանը նշեց, որ հրապարակում են նաև զոհերի ծնողներն ու հարազատները:
Ելույթով հանդես եկավ Մարտի մեկին զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ ազատամարտիկ Էդիկ Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ զոհվածի ծնող լինելով' շնորհակալությւոն է հայտնում բոլոր կուսակցությւոններին և ազատամարտիկներին, որոնք միացել են հանրահավաքին, ասաց, որ այսօրվա իշխանությունները վախենում են ժողովրդի միասնությունից:
Արամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ կամ հասնում ենք նրան, որ բացահայտվում է հանցագործությունը, կամ մենք ազգ չենք, կամ ՀՀ ժողովուրդն այս գործում պահանջատեր է և իշխանություններին ստիպում է բացահայտել, կամ ազատվում այս իշխանությւոններից, որոնք պարտակում են Մարտի մեկի սպանդը:
«Մենք հասնելու ենք բացահայտմանը, երբ էլ լինի, ոնց էլ լինի, սա ժողովրդի հավաքական պատվի հարցն է»: