ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագործակցությունը համարում է սերտ: Ըստ նրա՝ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Վերջինիս խոսքով' 99-ից հետո առաջին անգամ ՀՀ օրենսդիր մարմինը վերածվել է իրական խորհրդարանի՝ լուրջ քաղաքական քննարկումների թատերաբեմի:

 

Խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետևողական, համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը' հիմնավոր, փաստարկված:

 

«Առաջին անգամ ընդդիմադիր ուժերը կարողանում են ապահովել քառասուն-հիսուն ձայն, իշխող մեծամասնություն, ճիշտ է, կոճակների օգնությամբ առայժմ հաջողում է խափանել նախաձեռնությունները, բայց ամեն մի հաջողություն, ոչ թե ավելացնում, այլ սպառում է այդ մեծամասնության էներգիան: Ոչ իշխանական չորս ուժերը վհատվելու հարկ չունեն, պետք է նույն թափով շարունակեն իշխանությանը ռմբակոծել իրենց նախաձեռնություններով: Պետք է քաջ գիտակցեն, որ անկախ քվեարկության արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, ազդում հասարակական կարծիքի վրա' հասունացնելով այն պահը, երբ իշխանությունները մեն-մենակ է հայտնվելու ողջ ժողովրդի առջև»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը' հավելելով, որ քաղաքական օրակարգը հիմա ձևավորում է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հրաշալի քառյակը: