Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել: Ադրբեջանի պաշտպանության բանակի զորամասերից մեկի 20-ամյա զինվոր Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլիի ձեռքում պայթել է հակահետեւակային ականի բռնկիչը, ինչի հետեւանքով նա կորցրել երկու մատը եւ հոսպիտալացվել:

 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Էլմիր Հուսեյնլին զինծառայության է կանչվել Իմիշլիի շրջանից:

 

Մի քանի օր առաջ ականի վրա պայթել էր ադրբեջանական բանակի եւս մեկ զինվոր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի եւ Ադրբեջանի զորամիավորումների շփման գծում պայթյունից վնասվել էր ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Սադիգ Ամիրովը, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հոսպիտալ: Նա իսկական զինծառության էր կանչվել Աղդամի շրջանից:

 

Գործակալությունը հաղորդում է, որ Ֆիզուլիի շրջանում Օրանգալա կոչվող վայրում հողային ճանապարհին հակատանկային ականի վրա պայթել է Աշաղըվեյսալլի գյուղի բնակիչ Էլշան Ալիքիշիեւի ՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել:

 

Այս տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 12 զինծառայող, որոնցից 8-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: 18 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: