Գյումրիում տեսողությունից զրկված երեխաներին օգնության ձեռք է մեկնում հաշմանդամների «Փյունիկ» հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղը: Մարտի 3-ից կենտրոնում կկազմակերպվեն բրալյան համակարգի եռամսյա դասընթացներ:
ՀՀ-ոմ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված միակ՝ թիվ 14 հատուկ դպրոցը գտնվում է Երևանում: Ծրագիրն առայժմ կմեկնարկի սեփական նախաձեռնությամբ՝ փոքր խմբակով: Դասընթացի ընթացքում կօգտագործվեն բոլոր գրքերն ու տետրերը, որոնք օգտագործվում են Երևանի թիվ 14 հատուկ դպրոցում: Նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն հայտնել է նաև ՀՀ ԿԳ նախարարությունը՝ փոքր դրամաշնորհի տարբերակով: Կազմակերպությունը նմանատիպ ծրագիր իրականացրել է նաև 2010 թվականին:
Ինչպես տեղեկացրեց կենտրոնի նախագահ Արմինե Նիկողոսյանը խնդիրը բավական լուրջ է: Շատ ծնողներ, չունենալով հնարավորություն տեղափոխվելու Երևան, չեն կարողանում իրենց երեխաներին նորմալ կրթական որակ ապահովվել, շատ դեպքերում նույնիսկ գերադասում են դպրոց չուղարկել: «Մենք կսովորեցնենք երեխաներին բրալյան տառերը, երեխաները կսովորեն կարդալ և կգնան դպրոց, սա ավելի արդյունավետ տարբերակ է: Ճիշտ է, հանրապետությունում գործում են ներառական դպրոցներ, սակայն այդ դպրոցները, եթե օգնում են շաժողական խնդիրներ ունեցող երեխաներին, ապա տեսողությունից զրկված երեխաների համար թերի են: Երեխան դպրոցում միայն կլսի, բայց գրելուց և կարդալուց զուրկ կմնա և կրթությունը կլինի թերի»,-նշեց նախաձեռնության հեղինակը:
Բացի 6-10 տարեկան երեխաներից, ցանկության դեպքում, դասընթացներ կկազմակերպվեն նաև մեծահասակների համար՝ նրանց հնարավորություն տալով ոչ միայն տիրապետելու բրալյան համակարգին, այլ նաև համակարգչին: Դասընթացները կվարի Գայանե Նալբանդյանը, ով տարիներ առաջ ավարտելով Երևանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցը, ոչ միայն ինքն է տիրապետում համակարգչին, այլ նաև իր հմտություները կիսում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Նրա աշակերտ Հակոբ Մելքոնյանն էլ արդեն տիրապետելով տեսողական խնդիրներ ո ւնցող անձանց «Արև» համակարգչային ծրագրին, դասավանդում է համակարգչային ծրագրեր: «Սա արտասավոր և ոգևորիչ երևույթ է, երբ տեսողական խնդիր ունեցողն աշխատում է տեսողական խնդիր ունեցողի հետ: Կարևորն այստեղ ձգտումն ու ցանկությունն է, ինչի առկայության դեպքում հնարավոր է շատ դժվարություններ հաղթահարել: Շատ դեպքերում, ցավոք, ծնողներն իրենց երեխայի խնդիրը թաքցնելու, կամ «ծուլության» պատճառով գերադասում են, որ երեխան չսովորի կարդալ, չհաճախի դպրոց՝ նաև մտածելով, որ միևնույն է հետագայում աշխատանք չեն կարող ունենալ, բայց մեծ ցանկության դեպքում ամեն ինչ կստացվի: Դրա համար նախ պետք է սովորել, ձեռք բերել մասնագիտություն, ապա նոր պահանջել»,-ավելացրեց Արմինե Նիկողոսյանը: